Շվեյցարիայում արևային էներգիայի զարգացման հերթական նախաձեռնությունն են իրականացնում, այն էլ ոչ թե լեռներում, կամ այլ դժվարամատչելի հատվածներում, այլ Բեռնի օդանավակայանում։
«Բելփ» անվանումով արևային էլեկտրակայանը, որը կառուցվելու է հենց օդանավակայանի տարածքում, արտադրելու է էլեկտրականություն 15 հազար տնտեսությունների համար։ Էկոլոգիական ասոցիացիաները նախագծին դրական են արձագանքել։
Ծրագրվում է կառուցել Շվեյցարիայում խոշորագույն արևային էլեկտրակայանը, որի շնորհիվ էլեկտրակայանը, որը ծածկելու է Բեռնի օդանավակայանի երրորդ մասը, ինչը կազմում է գրեթե 25 հեկտար։ Այդ տարածը հավասար է 35 ֆուտբոլային դաշտերի։ Էլեկտրակայանը արտադրելու է տարեկան մինչև 35 գեգավատ ժամ էլեկտրաէներգիա։ Նախագծում ներգրավված ընկերությունները պնդում են, որ նախագծի տեխնիկատնտեսական և բնապահպանական հիմնավորումը կազմվել է և այն լիովին իրատեսական է։
Նախագծի հեղինակներն ընդգծում են դրա առավելությունները, խոշոր բնակավայրերին մոտ գտնվելը և այն հանգամանքը, որ էլեկտրացանցին միանալու դեպքում էլեկտրակայանին լրացուցիչ վերգետնյա հոսանքի լարեր անհրաժեշտ չեն լինի։ Կշահի նաև բնությունը, քանի որ արևային էլեկտրակայանի տակ կկարողանան նոր ցանքատարածություններ և բուսականություն աճեցնել, կշահի նաև անասնապահությունը։ Նախագծի արժեքն առայժմ չի հաղորդվում, սակայն նշվում է, որ այն չափազանց լուրջ տնտեսական օգուտներ կարող է բերել Շվեյցարիային։
Հայաստանում էլ հնարավորություն կա նման հսկայական տարածքներ ներգրավել արևային էլեկտրակայանների կառուցման համար։
Մեր երկրում, սակայն, արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», ուստի և դեռևս վաղ է խոսել ռազմավարական զարգացման հնարավորությունների մասին։
Հասմիկ Մուրադյան