spot_imgspot_img

ԵՄ-ն ավելի շատ հոսանք է ստացել արևից, քան գազից

2022 թվականին Եվրամիությունը առաջին անգամ ավելի շատ էներգիա է արտադրել վերականգնվող աղբյուրներից, քան գազի այրումից։

Ember վերլուծական կենտրոնի հաշվարկներով անցած տարի Եվրամիությունը արևային ու քամու էներգիայից կարողացել է ստանալ ամբողջ արտադրվող էներգիայի 22 %-ը, ավելին, քան երբևէ, միևնույն ժամանակ գազի այրումից ստացվել է էլեկտրաէներգիայի 20 %-ը, ինչը մեկ տոկոսային կետով պակաս է, քան 2021 թվականին։ ԵՄ երկրները 2022 թվականին արտադրել են 203 ՏՎտ/ժ արևային էներգիա, ինչը 39 ՏՎտ/ժ-ով կամ 24 %-ով ավելի, քան նախորդ տարի։

Դա թույլ է տվել Եվրամիությանը 10 միլիարդ եվրո տնտեսել գազի գնումների վրա, նշում են Ember-ի վերլուծաբանները։ Ամենից շատ կանաչ էներգիա արտադրել է Գերմանիան՝ 126 ՏՎտ/ժ քամու և 59 ՏՎտ/ժ արևի շնորհիվ, մինչդեռ Եվրամիության մի շարք այլ երկրներում կանաչ էներգիայի բաժինն ավելին է տոկոսային կետերով հաշված, մասնավորապես արևային էներգիան ապահովում է արտադրության 14 %-ը Նիդեռլանդներում և 13 %-ը՝ Հունաստանում և Հունգարիայում։ Գերմանիայում այդ ցուցանիշը դեռևս 10% է։ Ember վերլուծական կենտրոնի բաժնի ղեկավար Դեյվ Ջոնսի գնահատումներով՝ ուկրաինական ճգնաժամը, իհարկե, արագացրել է Եվրոպայում էներգետիկ անցումը։

Ռուսական գազի առաքումների կտրուկ կրճատումը ստիպել է աշխարհի բազմաթիվ երկրների էներգիայի այլընտրանքային աղբյուրներ որոնել, ինչը և կարելի է փաստել Եվրամիությունն անում է լրջորեն և հետևողականորեն։

Ունեցած ռեսուրսներով հանդերձ՝ Եվրամիությունը խիստ գիտակցում է արևային էներգիայի անհրաժեշտությունը իր համար, ուստի և Հայաստանը ևս պետք է օրինակ վերցնի Եվրամիությունից իր էներգետիկ տնտեսական ու քաղաքական անվտանգությունն ամրապնդելու համար։

Առայժմ, սակայն, վաղ է խոսել որևէ նման հեռանկարի մասին, մեր երկրում արևայիան վահանակներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։

Արտեմ Եգանյան