Հայաստանում կտրուկ ավելացել է արևային էներգիան օգտագործող անհատների և կազմակերպությունների թիվը։
4 տարում այն աճել է գրեթե 4 անգամ։
Էներգետիկայի հայկական գործակալության տվյալներով 2022 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ հայկական էլեկտրական ցանցերին միացված են 9835 ինքնավար արևային կայան և ընթացքում են 691-ի միացման աշխատանքները, այն դեպքում, երբ 2019 թվականին կայանների թիվը երկրում եղել է 1944։
2020թվականից հետո գրանցվել է ավելի քան կրկնակի աճ։ Հայաստանի կառավարության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսվում է մինչև 2030 թվականը արևային էներգիայի արտադրության մասնաբաժինը ընդհանուրի մեջ հասցնել մինչև 15 %-ի, ինչը սակայն չափազանց քիչ է, եթե հաշվի ենք առնում աշխարհում այսօր տեղի ունեցող արևային բումը։
Ավելին, փորձագետների կարծիքով՝ Հայաստանը ավելի շուտ կհատի 15 %-ի նշագիծը։ Այսօր արևային էներգիայի արտադրության մասնաբաժինը կոպիտ հաշվարկներով կազմում է ընդհանուրի 7-8 %-ը։ Թեև հարևան երկրների համեմատ այս ցուցանիշը գուցե և բարձր է, սակայն Հայաստանը կարող է և ավելի բարձր ցուցանիշ ապահովել և ավելի արագ տեմպերով զարգանալ,- նշում են փորձագետները, իսկ ոլորտի առավել արագ տեմպերով զարգացմանը խաչընդոտում են մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներ թե՛ կորոնավիրուսի համավարակը, թե՛ արցախյան 44-օրյա պատերազմը, երկրի անկայուն վիճակը, ինչպես նաև իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը։
Մեր երկրում, որտեղ արևային վահանակներ արտադրող ընդամենը մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», ահռելի պոտենցիալ ունենք արևային կայանների զարգացման ուղղությամբ, և հարկավոր է այդ ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել, իսկ դրա համար միայն մասնավորի ջանքերը բավարար չէ, ոլորտի կայուն զարգացումը ուղղակիորեն կապված է պետության կողմից ոլորտի կանոնակարգման մեխանիզներից։
Անի Մկրտչյան