Գերմանիան ավելի քան 260 մլրդ եվրո է տրամադրել ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամի անմիջական ռիսկերը լուծելու համար, սակայն խնդրի վերջնական լուծումը շատ ավելի թանկ կարժենա, եթե երկիրն ընդհանրապես կարողանա դա իրականացրել։
Bloomberg-ի կանխատեսումների համաձայն՝ մինչև 2030 թվականը երկրի էներգետիկ համակարգի պաշտպանության հետագա միջոցառումների արժեքը կկազմի ավելի քան 1 տրլն դոլար։ Այս ծախսերը ներառում են ներդրումներ էներգետիկ համակարգերի արդիականացման և, առաջին հերթին, նոր սերնդի համար՝ ատոմային և ածուխով աշխատող էլեկտրակայանների շահագործումից դուրս գալու, էլեկտրական մեքենաների և ջեռուցման համակարգերի աճող պահանջարկը բավարարելու և կլիմայի պաշտպանության պարտավորությունների կատարման համար: Անցումը կպահանջի արևային մարտկոցների տեղադրում, որը կզբաղեցնի 43 ֆուտբոլի դաշտին համարժեք տարածք և օրական 1600 ջերմային պոմպեր: Անհրաժեշտ է նաև շաբաթական 27 նոր ցամաքային և չորս ծովային հողմակայան կառուցել։ Կանցլեր Օլաֆ Շոլցը վերջերս Վոլֆսբուրգում Volkswagen AG կենտրոնակայան կատարած այցի ժամանակ հրապարակել էր իր ցանկությունների ցանկը, որտեղ առաջնայինը հենց այլընտրանքային աղբոյւրների առաջանցիկ զարգացումն էր:
Մոտ 250 գիգավատտ նոր հզորություն պետք է տեղադրվի մինչև 2030 թվականը, երբ ակնկալվում է, որ էլեկտրաէներգիայի պահանջարկը կլինի մոտ մեկ երրորդով ավելի, քան հիմա է։ Եվրոպական գրեթե բոլոր երկրները, ոչ միայն Գերմանիան, ուկրաինական պատերազմը սկսելուն պես անհապաղ անցել են ռուսական էներգետիկ կախվածությունը թոթափելու քաղաքականությանը, և արևային ու հողմային էլեկտրակայանների կառուցումը գերխնդիր է դարձել, ինչը նրանք հաջողությամբ իրականացնում են։ Դա թույլ է տալիս ապահովել բնակչությանը և ձեռնարկություններին էներգիայով։
Հայաստանում, որտեղ արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», ևս էներգետիկ ճգնաժամը արևային էներգիայով լուծելու պահանջ կա, սակայն դեռ պետությունը բավարար ջանքեր չի գործադրել այդ ուղղությամբ։
Գայանե Ադամյան