Ֆրանսիական «SolarinBlue» ընկերությունը հնդկաստանի կառավարությունից թույլտվություն է ստացել 1 Մվտ գեգավատ հզորությամբ ծովային արևային ֆերմա Արաբական ծովում կառուցելու համար։ Ընկերությունից նշում են, որ արևային էլեկտրակայանը կառուցվելու է ծովային այն հատվածում, որը գտնվում է ափից 10 կմ հեռավորության վրա։ Մանգալոլ քաղաքից ոչ հեռու, որտեղ Հնդկաստանի՝ իր մեծությամբ 7-րդ նավահանգիստն է։ Արևային ֆերման ծրագրվում է կառուցել 19 մետր խորությամբ հատվածում, որի ընդհանուր մակերեսը 40 հազար քառակուսի մետրէ։
Ֆրանսիական ընկերությունը նախնական հետազոտություններ է արել և արդեն առաջին սարքավորումների տեղադրումը կարող է սկսվել 2024 թվականի առաջին եռամսյակում։ «Mangalore offshore solar» նախագիծը էլեկտրաէներգիա կապահովի քաղաքի էներգետիկ ընկերությանը՝ թույլ տալով դեկարբոնացնել ավելի քան 1,5 գեգավատ ժամ տարեկան հոսանք, ինչը բավարար է մոտավորապես 7 հազար տնային տնտեսություններին էլեկտրաէներգիայով անընդմեջ ապահովելուն։
Իհարկե, կարելի է փաստել, որ այս հսկայական տարածքի վրա նման էլեկտրակայանի կառուցումն առայժմ շատ ավելի քիչ ծավալ կապահովի, քան եթե դա տեղի ունենար ցամաքային հատվածում, հաշվի առնելով թե՛ ծովային սարքավորումների թանկությունը և թե՛ առաջին անգամ նման խոշորամասշտաբ իրականացումը, սակայն բոլորը միաբերան պնդում են, որ ծովային հսկա մակերեսները նման նպատակների համար օգտագործելը չափազանց ձեռնտու է և զարգանալով զուգահեռ կնվազի թե՛ էլեկտրաէներգիայի ինքնարժեքը և թե՛ ավելի ու ավելի շատ տարածքներ հնարավոր կլինի ապահովել էլեկտրաէներգիայով։ «SolarinBlue» ընկերությունից հայտնել են, թե շնորհիվ ցածր ներդրումային ծախսերի, ինչպես նաև ափից արդեն 3 կմ հեռավորությամբ զրոյական էֆֆեկտի, ապագայում նման էլեկտրակայանների պոտենցիալը կարող է հասնել տասնյակ գեգավատերի, չի բացառվում, որ արդեն մի քանի տարի անց նույն այս տարածքում շատ ավելի հզոր տեխնիկա կտեղադրվի, իսկ ստացված փորձն օգտագործելու են աշխարհի տարբեր երկրներում։
Ի դեպ ծովերում արևային էլեկտրաէներգիայի կայան կառուցելու պոտենցիալի մասին է խոսում այն հանգամանքը, որ աշխարհի բնակչության գրեթե 60 %-ը բնակվում է ծովային ափից 150 կմ շառավղով։ Հայաստանն իհարկե այդ ցանկի մեջ չի մտնում, մեր երկիրը չունի նման հսկայական հնարավորություններ, սակայն նույնիսկ Սևանի մի փոքր հատվածում հնարավոր է ներդնել, օգտագործել և կիրառել։ Առայժմ, թերևս, մեզ համար օրախնդիր է ցամաքում և լեռնային հատվածներում արևային սարքավորումների տեղադրումը։
Մեր երկրում արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Նունե Կիրակոսյան