Լողացող արևային վահանակներով ֆերմաները Ասիայում արագ աճ գրանցելուց հետո այժմ էլ բուռն զարգացում են ապրում Միացյալ նահանգներում։ Դրանք հրապուրիչ են ոչ միայն մաքուր էներգիայով և գետնի վրա հետքերի բացակայությամբ, այլ նաև նրանով, որ տնտեսում են ջուրը՝ կանխելով ջրի գոլորշիացումը։ Ամերիկյան «Duke Energy» կոմունալ ընկերությունը մտադիր է մինչև 2050 թվականը հասնել զրոյական արտանետումների էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում և պիլոտային նախագիծն արդեն մեկնարկել է Ֆլորիդայում։ Նախագծի մենեջեր Շաինա Վայթի խոսքով՝ չափազանց կարևոր է սկսել նման նորարական նախաձեռնությունները և թեստավորել նոր տեխնոլոգիաները։ Արևային լողացող վահանակների հայեցակարգը պարզ է, դրանք ամրացնում են լաստերի վրա և բաց թողնում լճի մակերևույթին՝ իրարից ոչ մեծ հեռավորության վրա, իսկ մի քանի հարյուր լաստերից մեկի վրա էլ համապատասխան մարտկոցներն են տեղադրվում։ Արդյունքում դրանք չեն փակում հողը, որը կարելի է օգտագործել գյուղատնտեսության կամ շինարարության համար։ Բուն պանելները ծածկում են ջրի մակերևույթը՝ այլ կերպ խոչընդոտելով դրա գոլորշիացումը։ Սա հատկապես չափազանց կարևոր է Կալիֆորնիայի համար, որն արդեն մի քանի տարի շարունակ տառապում է ռեկորդային երաշտից։ Ջուրը նաև սառեցնում է վահանակները՝ թույլ տալով դրանք գեներացնել ավելի շատ էլեկտրաէներգիա, քան վերգետնյա անալոգները։ Տաքանալով՝ այս վահանակները կորցնում են իրենց արդյունավետությունը։ Ընկերությունը արդեն Միացյալ նահանգների տարբեր հատվածներում 25 լողացող արևային նախագծեր է մեկնարկել և հայեցակարգով հետաքրքրված են նաև այլ երկրներ, որտեղ հողի անբավարարության խնդիր գոյություն ունի։ Այս առումով առաջատարն Ասիան է, հատկապես կղզի պետությունները, ինչպես Ճապոնիան և Թայվանը, որտեղ շահագրգռված են լողացող արևային վահանակների և մարտկոցների տեղադրմամբ, քանի որ հսկայական ջրային տարածքներ կարող են օգտագործել այդ նպատակներով։ Ասիական տարածաշրջանն այսօր ստանում է լողացող արևային մարտկոցներից եկամուտի 70 %-ը, բայց առաջիկա տարիներին վերլուծաբանները կանխատեսում են այդ ոլորտի կտրուկ աճ Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում։ Հայաստանն իհարկե ջրային տարածքներով այնքան էլ հարուստ չէ։ Փոքր մեկ-երկու կայան հնարավոր է տեղակայել Սևանա լճում կամ այլ լեռնային լճի վրա։ Մեր հարստությունը լեռնային տարածքներն են, որտեղ ևս հնարավոր է արևային նախագծեր իարականացնել։ Թեպետ Հայաստանում արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», որի ծավալները առայժմ բավարար չեն ամբողջ կարիքները հոգալու համար։
Անահիտ Մելքոնյան