spot_imgspot_img

Եվրոպայում գազի գները նվազել են մինչև ամենացածր մակարդակի

Եվրոպայում գազի գները նվազել են մինչև ամենացածր մակարդակի՝ սկսած 2021 թվականից, երբ Ռուսաստանը սկսեց առաջին անգամ կրճատել գազի առաքումները Ուկրաինա ներխուժումից առաջ։ «Բլումբերգ» գործակալության տվյալներով ստեղծված իրավիճակին հանգեցրել են հեղուկ բնական գազի ներմուծումները, համեմատաբար մեղմ ձմեռը, արտադրության ծավալների նվազումը, ինչպես նաև վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը։

Նշվում է, որ եվրոպական շուկայի վրա ազդում է Գերմանիայում արևային էներգիայի արտադրությունը, որը հասել է աննախադեպ չափերի, այսպես բազային նիդերլանդական ֆյուչեսները 8 շաբաթվա ընթացքում հասել են մեգավատ ժամի համար 24,56 եվրոյի։ Այս տարի գազի գները նվազել են առնվազն 65%-ով և ոչինչ չի կանխորոշում, որ այդ անկումը կարող է կանգ առնել։

«Պաշարներն արագորեն համալրվում են և ամենայն հավանականությամբ լիովին կվերականգնվեն սովորականից ավելի շուտ»,— գրում է «Բլումբերգը»։ Ռուսաստանը գազը փորձում էր քաղաքական առևտրի գործիք դարձնել Եվրոպայի հետ հարաբերություններում, սակայն բոլոր այս գործոնները թույլ տվեցին Եվրոպային նվազեցնել Ռուսաստանից արդյունահանվող գազից կախվածությունը, և այժմ Եվրոպան մեծ թափով գնում է դեպի արևային էներգիայի օգտագործման, ինչը վկայում է, որ եվրոպացիները բացի Ուկրաինային զենքով աջակցելուց նաև լրջորեն մտածում են իրենց էներգետիկ և քաղաքական անվտանգության մասին։

Հայաստանը ևս ունի իր էներգետիկ անվտանգությունը ապահովելու խիստ հրամայական։ Մեր երկրում արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», սակայն հարկավոր է քաղաքական կամք դրսևորել և Հայաստանում ևս ավելացնել արևային էներգիայի արտադրությունը։

Աննա Կիրակոսյան