Կալիֆորնիայի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները հայտարարել են աշխարհում առաջին անգամ արևային էներգիան տիեզերքից երկիր փոխանցելու հաջող գործողության մասին։
Մինչ ճապոնացի գիտնականները նշում են, թե քայլեր են ձեռնարկում այս ուղղութամբ, Կալիֆորնիայի համալսարանը արդեն զգալի առաջընթաց է կատարել։ Փորձնական ուղեծրային պլատֆորմը, միկրոալիքային ճառագայթումը փոխանցել է Փասադենա քաղաքում գտնվող ինժեներական լաբորատորիայի տանիքին դրված հաղորդակին։ Հատուկ սարքը տիեզերք էր ուղարկվել այս տարվա հունվարին «SpaceX» ընկերության բեռնատար տիեզերանավով։
50 կգ-ոց սարքավորումը պատկանում է ռուսաստանցի գործարար Միխայիլ Կոկորիչի նախկին ընկերությանը։ Եվ այժմ ամերիկյան գիտնականները կարողացել են հաջողությամբ իրականացնել, թեև փոքր քանակությամբ էլեկտրաէներգիա է փոխանցվել, սակայն արդեն իսկ այս տեխնոլոգիական նվաճումը թույլ է տալիս արևմտյան երկրներին առավել մեծ թափով լծվել տիեզերքից երկիր էլեկտրաէներգիա փոխանցելու ծրագրերին։ Արևային էներգիան տիեզերքից երկիր փոխանցելու հնարավորությունը թույլ կտա օգտագործել մաքուր էներգիան դժվարամատչելի վայրերում, աղետի գոտիներում, որտեղ սովորական էներգետիկ ենթակառուցվածքները կամ հնարավոր չէ կազմակերպել, կամ էլ ավերվել են։
Այս ողղությամբ զբաղված են աշխարհի գրեթե բոլոր առաջատար երկրները և պարբերաբար փորձնական պլատֆորմներ են ուղարկում տիեզերք։ Չինաստանը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Ճապոնիան, Գերմանիան բոլորն էլ աշխատում են այս ուղղությամբ։
Իհարկե, Հայաստանը տիեզերքից արևային էներգիա ստանալու տեխնոլոգիաներ և հնարավորություններ չունի։ Մեր երկիրը ընդամենը մեկ, այն էլ կիսատ աշխատող արբանյակ ունի, սակայն արևային էներգիայի օգտագործումը չափազանց կարևոր է նաև Հայաստանի համար։ Հայաստանում արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն կա ՝ «Սոլարոնը»։
Գոհար Կարապետյան