Վերջին 10 տարիների ընթացքում արևային մոդուլների ընդհանուր հզորությունն աճել է մոտ 15 անգամ, իսկ վերականգնվող արևային էներգիայի մասնաբաժինը 0,2 տոկոսից հասել է 3 տոկոսի։ 16-ից 20 տոկոսի է հասել արդյունաբերական արևային մարտկոցների օգտակար գործողության գործակիցը։ Սա չափազանց կարևոր ցուցանիշ է, եթե արևային էլեկտրակայանների ՕԳԳ-ն գերազանցի 25 տոկոսը, ապա հնարավոր կլինի խոսել արևային էներգետիկայի մրցունակության մասին։
Արևի էներգիայի օգտագործման առումով առաջատարը Չինաստանն է, որին բաժին է հասնում համաշխարհային ֆոտոէլեկտրական հզորությունների երրորդ մասը։ Արևային էներգիայի արտադրության առումով երկրորդ և երրորդ տեղերում են ԱՄՆ-ը և Ճապոնիան։ Տասնյակում են նաև Գերմանիան, Հնդկաստանն, Իտալիան, Ավստրալիան, Հարավային Կորեան, Վիետնամն ու Ֆրանսիան։
Արևային վահանակների ամենախիտ ցանցը Նիդեռլանդներում է։ Ռուսաստանը զգալի ետ է մնում։ 2022թ. սկզբին ՌԴ արևային էլեկտրակայանների հզորությունը կազմում էր մոտ 2 ԳՎտ, իսկ Եվրոպայում դրանց մասնաբաժինը 0,78 տոկոս՝ ընդհանուր հզորությունից։
Արևային էլեկտրաէներգիան մեծ առավելություն ունի այլ էլեկտրակայանների նկատմամբ։ Առաջին հերթին, դա ոչ բարդ սարքավորումներն են։ Արևային վահանակներ կարելի է դնել ցանկացած հարմար մակերեսի վրա, այն արտանետումներ չունի, չի վտանգում հարակից բնական ռեսուրսները։ Ուստի բնավ զարմանալի չէ, որ արդեն այս տարի արևային էներգետիկան ավելի շատ ներդրումներ կստանա, քան նավթի արդյունահանումը։ Եթե հինգ տարի առաջ էկոլոգիապես մաքուր էներգետիկայում ներդրումներն աննշան էին, ապա արդեն 2023-ին դրանք կկազմեն 1,7 տրիլիոն դոլար։
Այս ամենը վկայում է արևային էներգիայի հնարավորությունները նաև Հայաստանի համար։ Մեր երկրում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», և հարկավոր է ավելացնել թե՛ ներդրումները, թե՛ հզորություններն եթե ցանկանում ենք հետ չմնալ այլ պետություններից։