spot_imgspot_img

Արևային մարտկոցները գերմանացիներին օգնում են խնայել և վաստակել

Aussiedlerbote.de-ն գրում է, որ արևային մարտկոցները գերմանացիներին օգնում են խնայել և վաստակել զգալի գումարներ: Դաշնային վիճակագրական ծառայությունը պնդում է, որ միայն վերջին մեկ տարում արևային էներգիայի արտադրությունն ավելացել է մեկ երրորդով։ Տանիքների և հողամասերի վրա տեղադրված մարտկոցները ոչ միայն ծածկում են իրենց տերերի կարիքները, այլ նաև թույլ են տալիս գումար աշխատել։ Ըստ Destatis-ի` մեկ գերմանացու հանրային ցանցին էլեկտրաէներգիայի վաճառքից ստացած միջին եկամուտը կազմում է ամսական 174 եվրո։

Գերմանիայում տեղադրված բոլոր մարտկոցների ընդհանուր անվանական հզորությունը 58400 մեգավատ է։ Ընդ որում, ամբողջ երկրում նույնիսկ ձմռան արևոտ օրերին արևային էներգիայի արտադրության տեսակարար կշիռը չի գերազանցել 6,3%-ը։ Նորմալ պայմաններում, միջինում տարվա կտրվածքով, դրա մասնաբաժինը նույնիսկ ավելի ցածր է` 5%-ից էլ պակաս: Չնայած դրան, ավելի ու ավելի շատ տների սեփականատերեր են արևային մարտկոցներ տեղադրում: Նման համակարգեր արտադրող և տեղադրող ընկերությունները խոսում են իսկական վերելքի մասին։ Միայն վերջին մեկ տարում դրանց թիվն ավելացել է ավելի քան 200 հազարով։

Վերականգնվող էներգիայի դաշնային օրենքը արևային էներգիայի օգտագործումը հնարավորինս շահավետ է դարձրել, տարվա միջին 1 կիլովատ/ժամի արժեքը հասել է մինչև 7 եվրոցենտի։ Միաժամանակ խթանվել է էներգիայի ինքնասպառումը մարտկոցների սեփականատերերի կողմից։ Եթե ​​20 տարի առաջ էլեկտրացանցերը պատրաստ էին էլեկտրաէներգիա գնել շուկայականից շատ ավելի թանկ գներով, ապա այսօր տարբերությունն աննշան է։ Նրանց համար, ովքեր տեղադրել են արևային մարտկոցներ, ավելի շահավետ է իրենց էներգիան սպառել։

Մի քանի մոդուլներից և էներգիայի պահպանման սարքավորումներից բաղկացած փոքր համակարգի միջին արժեքը  տասնյակ հազարավոր եվրոններ է կազմում։ Օրինակ 36 արևային մարտկոցը՝ տեղադրմամբ, արժենում է 30000 եվրո: Չնայած բարձր գներին, Գերմանիայում երկար հերթեր են գոյացել, պատվերից հետո պետք է սպասել մի քանի ամիս։ Ընկերությունները և տների սեփականատերերը ձգտում են ներդրումներ կատարել արևային էներգիայի մեջ, քանի որ էներգիայի գները բարձրանում են:

Տնատերերի ասոցիացիան՝ Haus und Grund-ը, հաշվարկել է, որ տարեկան մոտ 4000 կվտ/ժ էներգիայի սպառմամբ չորս հոգանոց ընտանիքի համար բավական է մոտ 15000 եվրո արժողությամբ արևային մարտկոցների համակարգի տեղադրումը: Էլեկտրաէներգիայի 40 ցենտ գնի դեպքում նման նախագծի վերադարձի ժամկետը 15 տարի է։ Նման ներդրումները բավականին գրավիչ են, սակայն դրանք պարունակում են նաև մեծ անորոշություններ և լրացուցիչ ռիսկեր։