spot_imgspot_img

Արևային էլեկտրակայանների հզորությունը 5 տարում կկրկնապատկվի

Արևային էլեկտրակայանների ընդհանուր հզորությունն առաջիկա 5 տարում կկրկնապատկվի՝ առաջ անցելով ածխային էլեկտրակայանների ցուցաբերած հզորություններից, այդ մասին ասվում է միջազգային էներգետիկ գործակալության զեկույցում, որը նվիրված է վերականգնվող էներգետիկային։

Ներկայումս ակնկալվում է, որ վերականգնվող աղբյուրների համաշխարհային հզորությունը 2022-2027 թվականներին կաճի 2,4 տեռավատով, դա 85 տոկոսով ավելի արագ աճ է, քան նախորդ հնգամյակում և 30 տոկոսով ավելին է, քան կանխատեսվում էր ընդամենը 1 տարի առաջ,- ասվում է զեկույցում։

Վերականգնվող էներգետիկան՝ հատկապես արևային էլեկտրակայանները, կդառնան աշխարհում խոշորագույն էներգիայի գեներացիայի աղբյուրն արդեն 2025 թվականին, իսկ տարբեր տեսակի էներգետիկաների համաշխարհային բալանսում նրա բաժինը 10 տոկոսային կետով կաճի նշված ժամանակահատվածում։ 2027 թվականին ակնկալվում է, որ ամբողջ համաշխարհային էներգետիկայի 38 տոկոսը կստացվի արևի և քամու ուժից։

Զեկույցի հեղինակները նշում են, թե առավելագույն աճն այդ ոլորտում ցուցադրելու են Չինաստանը, Եվրամիությունը, ԱՄՆ-ն և Հնդկաստանը, որոնք օգտագործում են, ինչպես գործող օրենքները և շուկայի կարգավորման կանոնները, այնպես էլ նորերն են ստեղծում, ընդ որում էներգետիկ ճգնաժամի ֆոնին այդ գործընթացն ավելի արագ է ընթանում, քան կանխատեսվում էր։

Եվ իսկապես, եվրոպայում արևային էլեկտրակայանների կառուցման տեմպերն այնպիսին են, որ փորձագետներն այն արևային համաճարակ են անվանում։ Միացյալ Նահանգներում Կոնգրեսը պարբերաբար նորանոր օրենքներ է ընդունում՝ հնարավորություններ տալով և սուբսիդիաներ տրամադրելով արևային էլեկտրակայանների ստեղծման համար։

Հետ չեն մնում նաև Հնդկաստանն ու Չինաստանը՝ իրենց լայնածավալ տարածքներով։ Ըստ էության, համաշխարհային միտումները տանում են դեպի ամբողջովին արևային էներգիայի արտադրության։

Հայաստանն այս առումով չափազանց հետ է մնում և տեմպերը նույնիսկ լավատեսության հիմքեր չեն տալիս։ Մեր երկրում ընդամենն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։

Անահիտ Հայրապետյան