Էներգիայի վերականգնվող աղբյուրների միջազգային գործակալության և աշխատանքի միջազգային կազմակերպության նոր զեկույցի համաձայն՝ 2022 թվականին վերականգնվող էներգետիկայի ոլորտում զբաղվածների թիվը ողջ աշխարհում հասել է 13,7 միլիոն մարդու, ինչը 1 միլիոնով ավելի է, քան նախորդ 2021 թվականին։
Համեմատության համար 2012 թվականին այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 7,3 միլիոն։ Զեկույցում նշվում է, թե վերականգնվող էներգետիկան, հատկապես արևային գեներացիան, ավելի շատ ներդրումներ են ներգրավում, ինչի արդյունքում նոր աշխատատեղեր են ստեղծվում աշխարհի երկրների մեծ մասում։ Այդուհանդերձ, ինչպես և նախորդ տարիներին, աշխատուժի հիմնական մասը կենտրոնացված է մի քանի պետություններում, առաջին հերթին Չինաստանում, որին բաժին է հասնում համաշխարհային քանակի 41 %-ը։
Չինաստանին լուրջ տարբերությամբ զիջում են Բրազիլիան, Եվրամիության երկրները, Հնդկաստանն ու Միացյալ Նահանգները։ Համախառն արդյունքով հենց այս տարածքներում են գտնվում աշխարհի բոլոր հզորությունների մեծ մասը և հենց նրանք են առանցքային դեր խաղում սարքավորումների, մշակումների և հարակից այլ ծառայությունների արտադրության ոլորտում, ուստի բնավ էլ զարմանալի չէ, որ հենց այս երկրներն են առաջատարները։
Հայաստանը ևս ունի հնարավորություն զգալիորեն ավելացնելու իր արտադրական ծավալները։ Մեր երկրում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը», թեպետ լուրջ հոգածության և պետական նախանձախնդիր վերաբերմունքի դեպքում կարող է այդ, թե՛ ընկերությունների քանակը և թե՛ արտադրանքի ծավալը զգալիորեն ավելանալ։
Կարինե Մանուչարյան