spot_imgspot_img

Հայաստանում վերականգնվող էներգիայի ծավալներն աճում են

2024 թվականին վերականգնվող էներգետիկայի աղբյուրների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները կկազմեն Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի բոլոր ծավալների 17 տոկոսը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի կանխատեսումներով՝ հաջորդ տարի վերականգնվող էներգետիկայի աղբյուրների օբյեկտների արտադրման ծավալները կաճեն 1,5 տոկոսով։ Վերականգնվող էներգետիկայի ամենաարագ զարգացող ճյուղը շարունակում է մնալ արևային էներգետիկան, որն ապահովում է տարեկան 60 ՄՎտ արտադրության ծավալների աճ:

Ընթացիկ տարվա հունիսի 1-ի դրությամբ երկրում գործում է արևային էներգիայի ավելի քան 12 հազար ինքնավար արտադրող՝ 220 ՄՎտ սահմանված հզորությամբ: Հայաստանի էներգետիկ ոլորտի մինչև 2040թ. զարգացման վերանայված ռազմավարական ծրագրի և դրա իրականացումն ապահովող ծրագիր-ժամանակացույցի համաձայն, Հայաստանը նախատեսում է մինչև 2040 թվականը արևային և հողմային էլեկտրակայանների հզորությունը հասցնել, ընդհանուր առմամբ, առնվազն 2000 ՄՎտ-ի:

Արդյունքում՝ էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործմամբ արտադրված էլեկտրաէներգիայի մասնաբաժինը 2030 թվականին էլեկտրաէներգիայի համախառն վերջնական սպառման մեջ, ներառյալ խոշոր հիդրոէլեկտրակայանները, կհասնի մոտ 50 տոկոսի, իսկ մինչև 2040 թվականը՝ մոտ 60 տոկոսի:

Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։

Գայանե Սամսոնյան