spot_imgspot_img

Վերականգնվող էներգիայի աղբյուրների հզորություններն աշխարհում աճել են

Միջազգային էներգետիկ գործակալությունը վերականգնվող էներգիային նվիրված նոր զեկույց է ներկայացրել։ 2023 թվականի արդյունքներով վերականգնվող էներգիայի աղբյուրների հզորություններն աշխարհում աճել են 50 %-ով, 2022 թվականի համեմատ։ Գործակալության կանխատեսումներով հաջորդ 5 տարիներին աշխարհում վերականգնվող էներգետիկայի ավելի մեծ հավելաճ է սպասվում։

Գլխավոր խնդիրը, որը կանգնած է մաքուր էներգիայի զարգացման ճանապարհին, զարգացող երկրների էներգոհատվածների ֆինանսավորման անբավարարությունն է։ Վերականգնվող էներգիայի արտադրության գլոբալ հզորություններն աճում են ավելի արագ, քան երբևէ վերջին 3 տասնամյակի ընթացքում, դա իրական շանս է տալիս արդեն 2030 թվականին եռապատկելու ներկայիս հզորությունների մակարդակը։

Դեկտեմբերին «Կոպ 28» կլիմայի փոփոխություն միջազգային համաժողովում ազգային կառավարությունները նման հավակնոտ ծրագիր էին դրել իրենց առջև։ Ըստ միջազգային էներգետիկ գործակաալության՝ 2023 թվականին վերականգնվող էներգիայի ընդհանուր հզորություններն հասել են 510 գիգավատի, առավելագույն աճը գրանցվել է Չինաստանում, որտեղ անցած տարի շահագործման են հանձնվել ավելի շատ արևային ֆոտոէլեկտրական կայաններ, քան ողջ աշխարհում 2022 թվականին, ընդ որում Չինաստանում քամու էներգետիկայի կայանների շահագործումը տարեկան կտրվածքով ավելացել է 66 %-ով։ Աճ են գրանցել մյուս երկրները ևս։

Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։

Անահիտ Մարգարյան