Պորտուգալիայում գործարկվել է մինչ օրս Եվրոպայում ամենամեծ արևային էլեկտրակայանը։ Մայրաքաղաք Լիսաբոնի մոտակայքում կառուցել են «Սերկա» կոչվող էներգետիկ ենթակառուցվածքային նախագիծ։ Կայանը համալրված է ավելի քան 310 հազար երկդիմաց արևային մարտկոցներով։ Դրա հզորությունը 202 մեգավատ է և կայանը ի վիճակի է էլեկտրաէներգիա ապահովել մոտավորապես 100 հազար տնային տնտեսությունների։
Տեխնիկական բոլոր սարքավորումները Պորտուգալիան գնել է Չինաստանից, քանի որ եվրոպական և ամերիկյան անալոգները շատ ավելի թանկ արժեն։ Կառավարութունից նշել են, որ այս նախագիծը առաջինն է, սակայն ոչ միակը։
Եվրոպական երկրները վերջին շրջանում զարկ են տալիս արևային էներգիայի աճին և այս առումով առանցքային դեր ունեն Հարավային եվրոպայի երկրները, որոնք ավելի արևոտ են, տարվա մեջ ավելի քիչ անձրևներ են գալիս, իսկ արևից էներգիայի ստանալու հնարավորություններն ավելի մեծ են։
Թեպետ, օրինակ, Բալթյան, Սկանդինավյան երկրներն ավելի շատ ծախսեր են անում արևային էներգիայի ուղղությամբ, հարավում Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան և Հունաստանն ավելի քիչ միջոցներով ավելի լուրջ արդյունքներ են գրանցում։
Հայաստանը ևս ունի բոլոր հնարավորություններն իր մոտ զարգացնելու արևային էներգիան շատ ավելի մեծ տեմպերով, քան նախանշված է կառավարության ծրագրում։
Հիշեցնենք՝ Հայաստանի կառավարությունը մտադիր է մինչև 2030 թվականը ընդհանուր մասնաբաժնում արևային էներգիայի ծավալները հասցնել մինչև 15 %-ի, ներկայումս այդ ցուցանիշը 9 % է։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Անի Դավթյան