Promvest.info-ն գրում է, որ Վերխոյանսկում շահագործման է հանձնվել ժամանակակից հիբրիդային էներգետիկ համալիր, որը կբարելավի էլեկտրամատակարարման հուսալիությունը և որակը, զգալիորեն կնվազեցնի թանկարժեք հանածո վառելիքի օգտագործումը` դրանով իսկ խնայելով բյուջեն, ինչպես նաև նվազեցնելով արտանետումները մթնոլորտ:
Էներգետիկ համալիրի բացմանը տեսակապի միջոցով մասնակցել են Սախայի Հանրապետության ղեկավար Աիսեն Նիկոլաևը և կառավարման խորհրդի անդամ, «ՌուսՀիդրո» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ռոման Բերդնիկովը։ Ներկա է եղել նաև Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը, ով այս օրերին աշխատանքային այցով գտնվում է Յակուտսկում։
«Մենք բարձր ենք գնահատում վերականգնվող այլընտրանքային էներգիայի զարգացման ինտեգրված մոտեցումը: Ցանկանում եմ իմ մեծ երախտագիտությունը հայտնել Ռուսաստանի կառավարությանը և «ՌուսՀիդրո»-ին համատեղ ծրագրի իրականացման գործում ներդրած ավանդի համար։ Վերխոյանսկը հյուսիսային կիսագնդի ամենացուրտ վայրերից մեկն է։ Անկասկած, կայուն և հուսալի էներգիայի մատակարարումը վճռորոշ նշանակություն ունի։ Վստահ եմ, որ հիբրիդային էներգետիկ համալիրի այսօրվա գործարկումը նոր խթան կհանդիսանա Վերխոյանսկի շրջանի և ընդհանուր առմամբ Արկտիկայի զարգացման համար»,— ասել է Աիսեն Նիկոլաևը։
Շահագործման հանձնված էներգետիկ համալիրի հզորությունը 3,7 ՄՎտ է։ Այն բաղկացած է բարձր արդյունավետության դիզելային էլեկտրակայանից, վերականգնվող էներգիայի արտադրությունից (արևային մարտկոցներ) և էներգիայի պահպանման համակարգից։ Ռոման Բերդնիկովը նշել է, որ արևային պանելների և բարձր արդյունավետ դիզելային գեներատորների օգտագործման շնորհիվ դիզվառելիքի օգտագործումը կկրճատվի 30%-ով, ինչը դրական տնտեսական և բնապահպանական ազդեցություն կունենա։
«Մեզ համար սա ևս մեկ կարևոր քայլ է՝ բարելավելու սպառողների համար էլեկտրամատակարարման հուսալիությունը և որակը: Սա բնակչության կենսամակարդակի բարձրացում է։ Էներգետիկ համալիրի շնորհիվ այնպիսի դեպքերը, ինչպիսիք են անջատումները, ընդհանրապես կդադարեն գոյություն ունենալ: Եվ, իհարկե, 30 տոկոսով քիչ վառելիք կօգտագործվի, ինչը զգալիորեն կնվազեցնի արտանետումները մթնոլորտ»,— ընդգծել է Բերդնիկովը։
Էներգետիկ համալիրի կապալառուն եղել է թաթարական ENELT Group ընկերությունը։ Կազմակերպությունը մասնակցում է նաև Յակուտիայում RusHydro էներգետիկ այլ նախագծերի իրականացմանը։
Հիշեցնենք, որ հանրապետության կառավարության և «ՌուսՀիդրո» ընկերության միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր, որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել վերականգնվող էներգիայի արտադրությամբ դիզելային արտադրության արդիականացման 6 պիլոտային ծրագիր։
Վերխոյանսկի հիբրիդային էներգետիկ համալիրը երկրորդ փորձնական ծրագիրն է։ Առաջինը Վերխոյանսկի շրջանի Տաբալախայի էներգետիկ համալիրն էր, որը շահագործման էր հանձնվել 2021 թվականին: Մինչև այս տարվա վերջ նախատեսվում է ավարտել մնացած չորս կայանների կառուցումը հանրապետության Մոմսկի շրջանում։