spot_imgspot_img

Չինաստանում կառուցել են ամենամեծ անապատային էեկտրակայանը

Չինաստանի Սինտյան նահանգում կառուցել են աշխարհում ամենամեծ արևային էլեկտրակայանն անապատային տարածքում։ Ուրումչի քաղաքի Միդուն շրջանում ահռելի գեներացնող համալիր է վեր խոյացել, որի հզորությունը կազմում է 3,5 ԳՎտ։

Մասնագետների հաշվարկներով՝ արևային համալիրը կարող է տարեկան արտադրել մինչև 6 միլիարդ ԿՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը համարժեք է գրեթե 2 միլիոն տոննա ածխի սպառման։  Ածխաթթու գազի արտանետումների կրճատումը կազմելու է տարեկան 6 միլիոն տոննա։

Անապատային նախագծի հաջող իրականացումն ու շահագործման հանձնումը շարունակելու է կանաչ էներգետիկայի դինամիկ զարգացումը, որը դարձել է Չինաստանի տնտեսության առանցքային ոլորտներից մեկը։

Ընդամենն օրեր առաջ էլ Չինաստանի ազգային ատոմային կորպորացիան մեկնարկել էր աշխարհում ամենախոշոր ծովային արևային էլեկտրակայանի շինարարությունը։ Նոր էլեկտրակայանը կառուցում են Դեղին ծովի առափնյա հատվածում՝ Յան Յունգան քաղաքում։

Ակնկալվում է, որ այս նախագիծը թույլ կտա տնտեսել տարեկան առնվազն 680 հազար տոննա ածխային համարժեք, կրճատել ածխաթթու գազի արտանետումները 1,7 միլիոն տոննայով։

Մասշտաբային այս ծրագրերը Չինաստանին հնարավորություն են տալիս ամբողջությամբ թոթափել կախվածությունն ածխից և ողջ էլեկտրաէներգիան ստանալ արևից և վերականգնվող այլ աղբյուրներից, մյուս կողմից էլ Չինաստանը պահպանում է արևային սարքավորումների արտադրողի և արտահանողի համաշխարհային առաջատարի դերը և ավելի ու ավելի է զարգանում այդ ուղղությամբ։

Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։