Հնդկական «Ադանի գրուպ» ընկերությունը նախատեսում է 100 միլիարդ դոլար ներդնել ծրագրերում, որոնք ուղղված են հաջորդ տասնամյակի ընթացքում վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացմանը։
Ընկերության նախագահ, միլիարդատեր Գաուտա Մադանին հայտարարել է, թե Հնդկաստանը մտադիր է մինչև 2030 թվականն ունենալ 500 ԳՎտ վերականգնվող էներգիայի հզորություն, ընդ որում գումարների ահռելի մասը ներդրվելու է հենց արևային էներգիայի մեջ։ Ադանին նշել է, թե Հնդկաստանում կառուցվելու է վերականգնվող էներգիայի խոշորագույն ինտեգրված պարկը։ Գուջարաթ նահանգում միայն այդ էլեկտրակայանն արտադրելու է ռեկորդային 30 ԳՎտ էլեկտրաէներգիա։ Ադանին նշել է, թե իրենց հավակնոտ նպատակը կպահանջի 100-ից 150 միլիարդ դոլարի ներդրումներ 6 տարվա ընթացքում։
Ակնկալվում է, որ Հնդկաստանում կանաչ էներգիան միլիոնավոր նոր աշխատատեղեր կստեղծի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արևային և հողմային էներգիան, էներգիայի պահեստավորումը, ջրածինը և նրա ածանցյալները, էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանները և ցանցային ենթակառուցվածքների զարգացումը։
«Ադանի գրուպը» Հնդկաստանի խոշորագույն բիզնես խմբերից մեկն է, որն իր ազդեցությունն ունի երկրի քաղաքական և տնտեսական կյանքի վրա։ Այն առաջատար դիրք է զբաղեցնում Հնդկաստանի էներգետիկայի, գյուղատնտեսության և պաշտպանական արդյունաբերության մեջ, և այս ընկերությանն են պատկանում Հնդկաստանի խոշորագույն մասնավոր ծովային նավահանգիստներից 14-ը, ինչը բոլոր նավահանգիստների մեկ քառորդ մասն է։ Ընկերությանն է պատկանում նաև 7 օդանավակայաններ։ Բոլոր այս տարածքներում արևային սարքավորումներ են տեղադրվելու։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Անահիտ Մինասյան