Արևելյան Գերմանիայում, Լայպցիգի մոտակայքում, գործարկվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը՝ Վիցնիցը, որը զբաղեցնում է 500 հա տարածք։ Նրա հաճախորդներն են այնպիսի հսկաներ, ինչպիսիք են նավթագազային կոնցեռն Shell-ը և Microsoft կորպորացիան։
Վիցնից էներգոպարկը բաղկացած է 1 մլն 100 հազար ֆոտոէլեկտրական վահանակներից։ Դրանք տեղադրված են 500 հա տարածքում, ինչը մոտավորապես հավասար է 700 ֆուտբոլային դաշտերի տարածքին։ Էլեկտրակայանի հզորությունը կազմում է 650 ՄՎտ։ Համեմատության համար՝ ժամանակակից ատոմային էլեկտրակայաններում մեկ էներգաբլոկի հզորությունը կազմում է 1000-ից 1200 ՄՎտ։
Էլեկտրահաղորդման համակարգի օպերատոր 50Hertz ընկերության խոսքերով՝ ժամանակակից սարքավորումների և ռեակտիվ հզորության էլեկտրատեխնիկական էֆեկտի օգտագործման շնորհիվ այս արևային էլեկտրակայանն առաջին անգամ կարող է ապահովել ցանցի կայունությունը նույնիսկ մութ ժամանակ։
Վիցնից էլեկտրակայանի կառուցումը սկսվել է 2020 թվականին, իսկ արդեն 2023 թվականի դեկտեմբերին նրա առաջին հերթը սկսել է արտադրել էլեկտրաէներգիա։ Այս նախագծի իրականացումն ամբողջությամբ ֆինանսավորել է Signal Iduna ապահովագրական կոնցեռնը։ Նա մեծ արևային էլեկտրակայանում տեսնում է ինչպես կայուն եկամուտների աղբյուր, այնպես էլ իր ներդրումը «կանաչ անցման» մեջ և, համապատասխանաբար, շահավետ իմիջային նախագիծ։
Վիցնից էներգոպարկի գրեթե բոլոր հզորությունները 15 տարով վարձակալել է Shell կոնցեռնը։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Անի Պողոսյան