spot_imgspot_img

Ռուսական գյուտը կարող է փոխել արևային էներգիայի արտադրությունը

Ռուսաստանում Նովոսիբիրսկի պետական տեխնիկական համալսարանի մասնագետները կոմպակտ արևային վահանակներ և ջրատաքացուցիչներ են ստեղծել սովորական կղմինդրի տեսքով։

Ցանկացած ընտանիք կարող է այդ կղմինդրներով սարքավորել իր տան տանիքը և տասնյակ հազարավոր գումարներ տնտեսել արևային էներգիայի և ջրի վրա ծախս չանելով, կամ նվազեցնելով հոսանքի համար վճարվող գումարները, ընդ որում այս կղմինդրները կարողանում են արդյունավետ աշխատել նաև Սիբիրի պայմաններում։

Մասնագետների հաշվարկներով՝ արևային կղմինդրները իրենցից ներկայացնում են չափսերով փոքր սարքեր, որոնք իրար միացնելով կարող են հոսանքը փոխանցել դեպի մարտկոցներ, ընդ որում դրանց արտաքին տեսքը բացարձակապես չի տարբերվում սովորական կղմինդրներից, միայն գույնն է մոխրագույն ստացվել։

Նովոսիբիրսկի գիտնականների այս հայտնագործությունը առաջիկայում մտադիր են լայնորեն օգտագործել ոչ միայն Սիբիրի պայմաններում, այլ նաև Ռուսաստանի այլ քաղաքներում։

Թեև Ռուսաստանը սեփական գազ և նավթ ունի, սակայն այս երկիրը ևս չի խորշում արևային էներգիան օգտագործելու ուղիներ փնտրել և հնարավորինս նվազեցնել իր ծախսերը։ Ի դեպ այս տեխնոլոգիայով հետաքրքրվել են նաև չինացիները, որոնք համագործակցության եզրեր են փնտրում Նովոսիբիրսկի տեխնիկական համալսարանի մասնագետների հետ ՝ փորձելով արևային կղմինդրների գյուտը օգտագործել նաև Չինաստանում։

Նման կղմինդրների արտադրությունը զգալիորեն կփոխի թե՛ շինարարության որակը և թե՛մարդկանց կենսակերպը, ինչպես նաև չի փոխի առանձնատների արտաքին տեսքը, երբ արևային մեծ վահանակների փոխարեն հնարավոր կլինի սովորական կղմինդրներից էլեկտրաէներգիա ստանալ։

Հայաստանը ևս կարող է օգտագործել այս տեխնոլոգիան՝ պետական մակարդակով դիմելով իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին։

Մեր երկիրը ընդամենը արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը», սակայն ժամանակն է, որպեսզի պետությունը լրջորեն զբաղվի նման գյուտեր Հայաստան բերելով և քաղաքացիների ծախսերը նվազեցնելով։

Մանե Մսրյան